Tuesday 17 June 2014

Հասակ նետող սերնդի մասին

Նախ և առաջ, ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր «կյանքի գործը», այն գաղափարը, որին նա հետևում է: Որպես կյանքի գործ ես ընտրել եմ հասակ նետող սերնդին կրթելն ու դաստիարակելը: Կհամաձայնեք, որ այս աշխատանքն անհնար է պատկերացնել առանց նվիրումի և առաջադեմ գաղափարների կիրառման: Ուստի, ամեն անգամ դասարան մտնելիս ես հասկանում եմ, որ ոչ միայն աշակերտներիս սովորեցնում եմ այս կամ այն դասը, այլ նաև կրթում ու դաստիարակում եմ մեր պետության ապագա քաղաքացիներին:

Որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ ինձ կարևոր է իմ կազմակերպած յուրաքանչյուր դասը: Ես գիտակցում եմ, որ գիտելիքը նախ և առաջ կիրառելի հմտություն է, հմտություն, որ անհրաժեշտ է կիրառել առօրյա կյանքում: Գիտելիքը չի կարող կտրված լինել իրականությունից, լինել վերացական: Այնպես որ, գիտելիքը ոչինչ է, եթե դու չես սովորեցնում այն հմտությունը, որն անհրաժեշտ է այդ գիտելիքը կյանքում կիրառելու համար: Օրինակ, երբ մենք խոսում ենք անտիկ փիլիսոփա պլատոնի և նրա «իդեալական պետության» մասին, կարևոր է, որ յուրաքանչյուր սովորող ոչ միայն սովորի իդեալական պետության տեսությունը, այլ սկսի կառուցել սեփական իդեալական պետության գաղափարը, մի գաղափար, որ նա կարող է կյանքի կոչել ապագայում:

Կարող է առաջանալ այն պարզ հարցադրումը, թե ինչու պետք է սովորղը կառուցի կամ մտածի սեփական իդեալական պետության մասին: Կհամաձայնեք, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնց քաղաքացիները գոհ են իրենց կառավարությունից: Եթե մենք ներարկենք իդեալական պետության ու արժանապատիվ կյանքի գաղափարը մեր սովորողների մեջ վաղ տարիքոից, ապա ապագայում, երբ նրանք կդառնան ղեկավարող սերունդ, նրանք արդեն կիմանան, թե ինչպիսի պետություն ու հասարակություն են նրանք ցանկանում կառուցել:

Այսպիով, ես հավատում եմ, որ ներկայում մենք կրթում ու դաստիարակում ենք այն սերունդը, որը կարող է փոխել ոչ միայն իմ երկրի ապագան, այն նաև մեր երկրագնդի ապագան: