Sunday 16 December 2012

Սիրո ուժը

Լոկ մի վայրկյան.. մի վայրկյան դու հպվեցիր իմ շուրթերին քո շուրթերով անարատ: Հետո գրկեցիր իմ թիկունքը ու շշնջացիր կիսաձայն.
- Կներես:
Դու հեռացար անձայն, առանց փակելու դուռը:
Իսկ իմ հոգում մի նոր տիեզերք ծնվեց՝ լցված քո սիրով: Սեր, որ կարող է շարժման մեջ դնել մոլորակները, սեր, որ դառնում է բոլոր գոյերի նախագոյը.....
Դու փոխեցիր իմ տիեզերքի ընթացքը, արարեցիր նոր աշխարհներ, ու վերստին լույս վառեցիր իմ մենավոր հոգում...
Դու կաս, դու իրական ես, դու իմ կողքի ես ու հավիտյան....

Thursday 8 November 2012

Աստված գոյություն չունի՞


Մի աթեիստ փիլիսոփայության պրոֆեսոր դասախոսություն էր կարդում Աստծո և գիտության հակադրության մասին: Նա դիմեց իր նոր քրիստոնյա ուսանողներից մեկին.
- Դու քրիստոնյա ես, այնպես չէ՞:
- Այո,- պատասխանեց ուսանողը:
- Հետևաբար դու հավատում ես Աստծուն…,- շարունակեց պրոֆեսորը:
- Միանշանակ:
- Աստված բարի՞ է:
- Իհարկե:
- Աստված ամենակարո՞ղ է:

Sunday 16 September 2012

Խոստովանություն

Մի զառամյալ ու միայնակ ծերունի, մահվան մահիճում պառկած, սպասում էր իր կյանքի ավարտին: Նրա կողքին էր միակ ու հավատարիմ ընկերը, ով եկել էր իր զավակների ու թոռների հետ միասին: 
- Գոնե հիա ասա ինձ, ինչո՞ւ դու այդպես էլ չամուսնացար, - հարցրեց ծերունուն ընկերը:
- Որովհետև իմ ամբողջ կյանքում ես փնտրում էի իդեալական կնոջ, - պատասխանեց ծերունին:
- Եվ այդպես էլ չգտա՞ր:
- Գտա, - հառաչեց ծերունին:
- Իսկ այդ դեպքում ինչո՞ւ չամուսնացար նրա հետ, - զարմացած հարցրեց ընկերը:
- Որովհետև նա էլ փնտրում իդեալական տղամարդու: 

Thursday 6 September 2012

Քահանայի երազը



Մի երիտասարդ քահանա, ով իր կյանքը նվիրել էր ճգնելուն և ճշմարտության որոնումներին, օրերից մի օր տեսավ տարօրինակ մի երազ: Երազում նա տեսավ մի վանականի, ով, խորասուզված իր մտքերի մեջ, ծալապատիկ նստել էր ծառի տակ: Նա մոտեցավ վանականին: Իսկական հրաշք: Նրա  առջև նստած էր ինքը` Բուդդան: Քահանան նստեց մեծն ուսուցչի դիմաց` ընդունեց նույն դիրքը: Բուդդան լուռ էր: Հանկարծ, բացելով աչքերը, Բուդդան արտաբերեց. «Սովորիր տեսնել հեռուն»: Քահանան փակեց աչքերը` մտորելու ուսուցչի ասածի շուրջ:
Բացելով աչքերը` նա հայտնվեց ինչ-որ լեռան ստորոտում: Բարձունքում քարանձավ կար: Նա սկսեց մագլցել վեր: Ներսում քահանան հանդիպեց մի արաբ բեդվինի, ով նստել էր ծնկների վրա, ճոճում էր իր մարմինը և տարօրինակ ձայներ հանում: Քահանան մոտեցավ արաբին, փորձեց խոսել: Բայց արաբը չնկատեց քահանայի ներկայությունը: Հուսախաբ` նա որոշեց հեռանալ: Բայց լեռան ստորոտում նա հանդիպեց նույն արաբին: Արաբը մոտեցավ քահանային, խնդրեց նստել ծնկների վրա: Այնուհետև խնդրեց խոնարհել գլուխը և ճակատը կպցնել գետնին: «Սովորիր հնազանդվել Աստծուն», - հազիվ լսելի ձայնով ասաց բեդվինը : Քահանան ուղղվեց ու բացեց աչքերը: Հիմա նա արդեն Գողգոթայի բարձունքին էր: Առջևում Քրիստոսն էր` խաչին գամված: Քահանան մոտեցավ Քրիստոսին և ծնկի եկավ նրա խաչի առաջ: Եվ Քրիստոս խոսեց նրա հետ. «Անգամ այս խաչին գամված` ես շարունակում եմ սիրել մարդկանց: Հուսա, հավատա ու սիրիր….»:

Tuesday 4 September 2012

Հանդիպակաց պատին բախվելու փոխարեն...


Հանդիպակաց պատին բախվելու փոխարեն կարելի է շրջանցել, եթե իհրակե չես կորցրել քո փրկության միակ ճանապարհը: Իսկ ճանապահը միշտ էլ կա եւ հաճախ գտնվում է հենց քո կողքին, իսկ դու, չգիտես թե ինչու, չգիտես թե ոնց, չես ցանկանում տեսնել: Շատ հաճախ մենք նման ենք մի ճամփորդի, որը կորցրել է ոչ թե ճանապահրը, այլ հոգու փրկության միակ արահետը: Լույսի ու խավարի հավերժական այս պայքարում դու ընտրում եմ լույսը եւ ցանկանում սփռել ամենուր: Բայց երբեմն դու տալիս ես քո հոգու լուսավոր մասնիկները բոլորին լույս հասցնելու համար, եւ լույսի փոխարեն քո հոգու դատարկ անկյունները լցվում են խավարով: Ո՞վ պետք է լցնի քո դատարկված հոգին:
Այս հարցի պատասխանը գտնելու համար կարող ես ոտքի տակ տալ ամբողջ աշխարհը, կամ ուղղակի փակել աչքերդ ու աղոթել: 

Յուրգեն Հաբերմաս. Եվրոպայի հետ-ժողովրդավարական դարաշրջանը


Եվրոմիության մոնոպոլիզացիան քաղաքական էլիտաների կողմից սպառնում է նվազեցնել քաղաքացիական համերաշխության շեմը, որն առանցաքային է եվրոպական նախագծի համար:

Եվրոպական մակարդակում ժողովրավարական ինստիտուտները մտել են նոր բյուրեղացման փուլ: Այս գործընթացում ներառված բաղադրիչներից մեկը համերաշխությունն է. մեկ պետության սահմաններից սահմանադրական համայնքի ընդլայնումը ենթադրում է, որ քաղաքացիների համերաշխությունը, ովքեր պատրաստակամ են աջակցել միմյանց, նույնպես պետք է տարածվի` համահունչ լինելու նպատակով:

Իմ նախագծած տարբերակում, ընդլայնված և դրանով իսկ ավելի վերացարկված և համեմատաբար նվազ ճկուն քաղաքացիական համերաշխությունը պետք է ներառի եվրոպական հասարակություններից յուրաքանչյուրի անդամներին: Միայն այս դեպքում Եվրոմիության քաղաքացիները, որոնք ընտրում և վերահսկում են Ստրասբուրգում գործող խորհրդարանը, կարող են մասնակցել ազգային պետության սահմաններից դուրս ժողովրդարական կամքի ձևավորման միասնական գործընթացին:

Saturday 1 September 2012

Պայքարելով մենության դեմ

Կյանքում լինում են պահեր, որոնք էլ երբեք չեն կրկնվի: Դրանք տրվում են մեկ կամ երկու անգամ, այն էլ եթե ծնվել ես բախտավոր աստղի տակ: Ու այդ պահերին, դու ցանկանում ես կիսել քո մենությունը մեկի հետ, ում սիրում ես ամբողջ հոգով ու սրտով, բայց անցնում է ժամանակը և դու հասկանում ես, որ ընդամենը նրան սովորեցրիր ապրել մենության մեջ և սիրել այն, ինչից դու փրկություն էիր փնտրում նրա գրկում: 

Ու դու շարունակում ես միայնակ պայքարել քո մենության դեմ...

Լինում են պահեր, երբ դու հանդիպում ես մեկին, ում հետ կարող ես խոսել ամեն ինչից, բացի սիրուց, քանզի նրա հոգու փոխարեն հայելի է, որն արտացոլում է այն ամենը, ինչ դու ես տալիս նրան, իսկ սեփական սիրո ու ջերմության ոչ մի կաթիլ նրանից չես ստանա երբեք:

Իսկ դու շարունակում ես կուրորեն սիրել նրան...



Monday 27 August 2012

Ինչի՞ համար է տրված իշխանությունը


Ինչպես փաստում է հայտնի արևելյան իմաստությունը` «Իշխանությունը սեփական ուժի ցուցադրությունը չէ ժողովրդին, այլ միջոց է` նրա շահերի պաշտպանության համար»: Մեզանում իշխանության գաղափարի ընկալումը, բավականին խեղաթյուրված է: Ցանկացած իշխանավոր իրեն վեր է դասում սեփական ժողովրդից, այն ժողովրդից, ում շնորհիվ նա եկել է իշխանության, և իշխանությունը ծառայեցնում է միայն ու միայն սեփական ընչաքաղցությանը հագուրդ տալու համար:  Եթե դուք կարծում եք, թե այս մոտեցումը բնորոշ է միայն 3-րդ հանրապետության մերօրյա չինովնիկներին, ապա դուք երիցս սխալվում եք: Բավական է վերհիշել  մեր պատմահայր Մովսես Խորենացու «Ողբը»: Այո, մենք այդպիսին ենք: Այս արատը հոսում է մեր երակներով, փոխանցվում է սերնդե-սերունդ:

Saturday 25 August 2012

Համապետական արտագաղթի կո՞չ

Այս տարի մայիսի 6-ին կայացած Խորհրդարանական ընտրություններից հետո` իմ մեջ կրկին գլուխ էր բարձրացրել հայրենիքից վերաջնականապես հեռանալու որոշումը: Շնորհակալություն այն բոլոր ընկերներիս, ովքեր ինձ օգնեցին հաղթահարելու, հերթական անգամ հաղթահարելու այդ չարաբաստիկ որոշումը:
Քիչ առաջ կադացի «Եկամտային հարկի մասին»  մեր «սիրելի» իշխանությունները կայացրած որոշումը: Որոշում, որն ուղղված է սեփական ժողովրդին հերթական անգամ հարստահարելուն, հուսախաբ անելուն, հայրենիքը հարկադրված լքելուն:

Tuesday 21 August 2012

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ / Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման

Երբ Շիշլիի դատախազությունն իմ դեմ «թուրքերի ազգային ինքնասիրությունը նվաստացնելու» մեղադրանքով հետաքննությունը սկսեց, ես մտավախություն չեմ ապրել: Դա առաջին դեպքը չէր: Նման դատական գործին մինչ այդ առնչվել էի Ուրֆայում: Երեք տարի շարունակ ինձ «թուրքերի նվաստացման» մեղադրանքով դատում էին զուտ նրա համար, որ 2002 թ. Ուրֆայում, մասնակցելով կոնֆերանսի, ելույթում ասել էի, որ «թուրք չեմ, այլ Թուրքիայի հայ եմ»: Այն ժամանակ նույնիսկ տեղյակ չէի դատական նիստերի ընթացքից: Դրանք ինձ բոլորովին չէին հետաքրքրում: Դատավարությունն իմ բացակայությամբ առաջ էին տանում ուրֆացի փաստաբան ընկերներս: Բավականին անհոգ էի նաեւ Շիշլիի դատախազությունում բացատրություն տալու ժամանակ:Ի վերջո, ակնհայտ էին ե՛ւ գրածներս, ե՛ւ մտադրությունս: Համոզված էի, որ դատախազը իմ հոդվածի առանձին որեւէ իմաստ չարտահայտող նախադասության փոխարեն կկարդա ամբողջությամբ, այսպիսով, հեշտությամբ կհասկանա, որ թուրքերին նսեմացնելու» որեւէ մտադրություն չունեմ եւ վերջ կգտնի այս կատակերգությունը: Վստահ էի, որ հետաքննությունը չի հանգեցնի իմ դեմ դատական գործի հարուցմանը: 

Wednesday 8 August 2012

Մինչև ե՞րբ

Արևմտյան Հայաստան առաջին անգամ չէ, որ առիթ եմ ունեցել այցելելու: Տպավորություններս միշտ տարբեր են եղել, իսկ զգացողություններս` միանման. մինչև ե՞րբ ես պետք է վճարեմ թուրքերին իմ պատմական հայրենիքն այցելելու համար:
Ցավով, բայց հարգանքով, ես կրկին արձանագրում եմ նույն փաստը. թուրքերը մեզանից 100 անգամ ավելի լավ դիվանագետներ են: Հերիք չի հայրենիքը ձեռներիցս վերցրել են, հիմա էլ հուշանվերի տեղ վաճառում են մեզ:

Wednesday 4 July 2012

Խոստումս կատարեցի


Լեռան ստորոտում եմ: Գիշերվա մթությունը քարերի վրայով սահում է վեր: Իմ ներսում մի տեսակ դատարկություն եմ զգում, սառնություն: Դիմացս վեր է խոյանում հսկա լեռնազանգվածը` դարերից եկող իր անպարտելի զորությամբ: Նայում եմ ապառաժներին, նրանք սպասում են ինձ, պատրաստ ամեն վայրկյան ցած նետել մարդկային իմ չնչին գոյությունն իրենց դարավոր վեհության վրայից: Հասկանում եմ,  որ կյանքի ու մահվան եզրագծերը ջնջված են: Առանց պայքարի պատրաստ չեմ հանձնվել: Բայց ներսումս սառնություն է, վստահության պակաս: Ինչ-որ ներքին մի ձայն շշնջում է ինձ. «Դու խոստացել ես, քեզ հավատով սպասում են:» 
- Ավելի բարձր, չե՛մ լսում քեզ, գոռա՛: 
« Դու խոստացե՜լ ես….. հավատով սպասո՜ւմ են…»:

Ես ու ես

Արման Մարտիրոսյանի անկեղծությունը


Ժամը 21:20
Առաջին անգամ եմ փորձում ինքս ինձ հետ կիսվել ու մտքերս հանձնել թղթին: Նստած եմ համակարգչի դիմաց, երաժշտություն եմ լսում: Անջատեցի երաժշտությունը: Սկսեցի գրել: Սենյակս անձայն է: Մենք սենյակում երկուսով ենք` ես  ու կրկին ես: Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եմ ուզում, ի՞նչ եմ պահանջում ու առաջարկում, ուզում եմ ինձ հետ մի քիչ վիճել, ասել-խոսել, հասկանալ ճշմարտությունը: Սկսեմ նրանից, որ ես վախենում եմ ինքս ինձ խոսել, որովհետև շփոթվում եմ: Ինձ խանգարում է կողմնորոշվել իմ երկրորդ եսը, միգուցե  առաջինն էլ է խանգարում:

Friday 22 June 2012

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

Իրագործումը ցանկության թշնամին է: Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք: Կյանքն ավելի շուտ դժբախտություն է, քան երջանկություն: Այն, որ նա հավերժ չի ձգվում, գթասրտություն է: Իսկ եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է: Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:

Monday 7 May 2012

Ընտրություններ, թե՞ սրբազան պոռնկության ծես



Սրբազան պոռնկության ծեսին առիթ ունեցել եմ անդրադառնալու իմ բլոգի հոդվածներից մեկում: Ամեն անգամ զարմանքով ու զայրույթով ինքս ինձ տալի էի նույն հարցը. ինչպե՞ս իմ ավանդապաշտ հայ ժողովուրդը հին աշխարհի սրբազան պոռնկության ծեսը դարձրեց կանանց ու գեղեցկության համահայաստանյան տոն: (Թող ինձ ներեն բոլոր կանայք ու աղջիկները) Բայց երեկվա խայտառակ ընտրություններից հետո` ես կարծես գտա այդ հարցի պատասխանը: Պոռնկությունը մեր ազգի մի ստվար զանգվածի էթնոհոգեբանության անբաժան մասնիկն է: Առավել ևս, երբ խոսքը գնում է համազգային ու համապետական որոշումներ կայացնելու մասին:

Sunday 15 April 2012

Մարդկային հոգում թաքնված անհայտը


Ստեղծագործությունը մարդկային հոգում թաքնված անհայտի բացահայտումն է: Ամեն մի ստեղծագործ անհատ ունի իր ուրույն ոճը: Մարդկային ցանկացած ստեղծագործություն նրան ավելի է մոտեցնում Աստծուն, եթե այդ ստեղծածը արտացոլում է քո հոգու լույսը: Հենց մարդկային հոգու այդ լուսավոր մասնիկներից է բաղկացած արվեստի ցանկացած գլուխգործոց: Ամեն անգամ, երբ քո աչքը շոյում է այդպիսի մի գլուխգործոց, դու նրանից վերցնում ես լուսավոր այն մասնիկը, որ զետեղեց նրանում արվեստագետը` արարման պահին:

Իր արարման օրվանից տղամարդը փորձում է հասկանալ կնոջ հոգին: Այդ գաղտնիքը բացահայտելու համար հազարավոր արվեստագետներ փորձել են պատկերել կնոջը` խորհրդավոր ու անզուգական, արարող ու կործանող: Բայց ավա~ղ, ապարդյուն:

Երևի այդ գաղտնիքն այդպես էլ կմնա մարդկային ամենամեծ առեղծվածը:

Sunday 8 April 2012

Մահվան պատրանք


Ցանկացած մարդ, ով ապրում է ոչ միայն մարմնական, այլ նաև մտավոր կյանքով, վաղ թե ուշ մտածում է ինքնասպանության մասին: Իսկ գրող մարդու համար այդ հնարավորությունը առավել հարազատ է, մշտապես առկախ է օդում: Այն նաև դյութիչ է: Պատճառը նրանում է, որ իսկական ստեղագործ մարդուն դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ նա արարած է, այսինքն ինչ ոչ մեկի կողմից ստեղծված: Եվ եթե դու չես կարող ինքդ քեզ ստեղծել, ապա համենայն դեպս կարող ես ինքդ քեզ ոչնչացնել: Իսկ հենց այդ ինքնաոչնչացման մասին է, որ գրողները շատ են գրում: Իսկ ինչն է, որ ստեղծագործելու ընթացքում մեծացնում է սուիցիդալ ռիսկայնությունը: Նախ, ինչպես արդեն նշեցինք, ստեղծագործությունը դա մահկանացուի փորձն է հաղթահարել մահը:

Saturday 7 April 2012

Վերադարձ ակունքներին



«Կանանց միամսյակ» կոչված տոնը, որն այդքան սիրված ու ցանկալի է հայ իրականության մեջ, չգիտես ինչու սկսվում ու ավարտվում է հրեական արմատներ ունեցող և հին աշխարհում մեծ տարածում ստացած երկու ոչ բարոյական տոներով: Գիտակցելով, որ կարող եմ փչացնել հայ աղջիկների ու կանանց այդքան սիրելի այս տոնը, չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ դրանց արմատներին: Բայց նաև չեմ կարող լռել:

Դեռևս հեթանոս Հայաստանում մեծ շուքով նշում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին նվիրված մայրության, գեղեցկության ու պտղաբերության տոնը: Հայկական իրականության մեջ ծնունդ առած այս տոնը ոչ պակաս կարևոր էր, և գալիս էր մեկ անգամ ևս ընդգծելու հայ կնոջ բարձր դերը մեր հասարակության մեջ: Անահիտն ու Աստղիկը միշտ էլ եղել են հեթանոս հայերի ամենասիրելի աստվածուհիները, և նրանց պատվին կառուցվել են բազմաթիվ տաճարներ ու մեհյաններ:

Tuesday 3 April 2012

Թշվառության համախտանիշ


Այսօր աշխատանքից տուն դառնալիս սկսեցի ուշադիր նայել փողոցում անցուդարձ անող մարդկանց աչքերին: Այնտեղ ես տեսա դարավոր մի տառապանքի ու թշվառ ազգի դաժան ճակատագրի արտացոլանքը: Իսկ սիրո ու երջանկության ոչ մի նշույլ ես չտեսա մարդկանց աչքերում: Տեսնես ո՞վ գողացավ երջանկության ու սիրո հրաշք զգացմունքը մեր հոգիներից: Իսկ մեր հոգու փոխարեն հիմա հայելի է, որն արտացոլում է մեզ շրջապատող դառն ու անարժեք իրականությունը: Ահա թե ինչու մարդկանց հետ կարելի է խոսել ամեն ինչից, բացի սիրուց: Քանզի նրանց հոգու փոխարեն հայելի է, որն արտացոլում է այն ամենը, ինչ դու ես տալիս, իսկ սեփական սիրո ու ջերմության ոչ մի կաթիլ նրանցից չես ստանա երբեք…...

Friday 16 March 2012

Անցյալի ու ներկայի մասին


ՀՏ Հայկոյի այս երգն անկեղծ ասած չէի լսել: Պատահաբար հանդիպեցի «Youtube»-ում: Տարօրինակ է, բայց տեսածս երաժշտական տեսահոլովակներից երևի միակն է, որ կարողանում է ամբողջական ու բովանդակ ներկայացնել իմ մանկությունը:
Ֆրոյդը ասում էր, որ մանկության տարիներին մեր ապրած բոլոր ցավերն ու վախերը, չիրականացված երազանքներն ու հիասթափությունները մղվում են հոգու անգիտակցական ոլորտ: Այնուհետև, հասուն տարիքում դրանք ժամանակ առ ժամանակ հրաբուխի պես ժայթքում եմ մեր գիտակցականում:

Wednesday 14 March 2012

Ամբոխի պատկերացումը որպես կին


Լե Բոնը նշում էր, որ, կախված դրսից ստացվող իմպուլսներից, ամբոխի վիճակը փոփոխվում է, այստեղից էլ նրա փոփոխականությունը: Սա թույլ է տվեց Լե Բոնին համեմատել ամբոխը կնոջ հետ, համարել, որ ամբոխը կանացի սկիզբ է:  Կինը հուզական է, քմահաճ, ինքնաձև, թեթևամիտ, ներշնչվող, պասիվ, ենթարկվող, համբերատար: Լե Բոնը գտնում է, որ ամբոխի մեջ չկա ստեղծագործականություն: Ամբոխը կնոջ պես ավանդույթների, սովորույթների և  արխաիկ անգիտակցականի գերին է, դիմադրում է ցանկացած ցնցումների: Եվ եթե նրանք տեղի են ունենում, նա հետ է շրջվում, որպեսզի դժվարությամբ վերականգնի այն, ինչը քիչ մտածելով քանդել է:

Monday 12 March 2012

Կանանց միամսյակին ընդառաջ


Ո՞վ պետք է առաջինը սեր խոստովանի:
Այս հարցի շուրջ վերջերս երկար-բարակ զրուցեցի գեղեցիկ սեռին պատկանող իմ հրաշագեղ ընկերների հետ: Նրանց ճնշող մեծամասնություն հակված է այն տեսակետին, որ առաջինը սեր պետք է խոստովանի տղան: Եվ եթե այդ սերն իրոք անկեղծ է, ու տղան  ունի բավական հոգու ուժ` պատրաստ մինչև վերջ պայքարել իր սիրո համար, ապա աղջիկն մի օր կնկատի նրան, կգնահատի նրա սերը, և միգուցե կսիրի նրան կամ թույլ կտա, որ իրեն սիրեն: Միաժամանակ, բոլոր աղջիկները պնդում են, որ սերը պահանջում է ինքնազոհողություն:  Անկեղծ ու իսկական սիրով սիրող տղան պետք է միշտ գիտակցի դա: Առանց ինքնազոհողության չկա անկեղծ սեր: Ընդ որում, գեղեցիկ սեռին պատկանող և աշխարհը առաջ շարժող հրաշագեղ այդ էակների համար ինքնազոհողությունը բավական ընդգրկուն հասկացություն է: (Նույնիսկ վախենում եմ փակագծերը բացել)

Tuesday 6 March 2012

«Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն»:


Տարիներ առաջ, երբ ընկերոջս խորհուրդով կարդացի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը, աշխարհը սկսեց ուրիշ անկյան տակ պտտվել ինձ համար: Գիրքն ավարտելու հետո սկսեցի խելագարի պես ծիծաղել, իսկ հետո ծիծաղը վերածվեց լացի:

-         -  Էս ի՞նչ արեցիր իմ հետ: Ո՞նց կարողացար հպվել հոգուս ամենանուրբ լարերին:

Այդ ես չէ, որ բացահայտեցի Մարկեսին ինձ համար, այլ շնորհիվ նրա, կարողացա վերստին ու նորովի բացահայտել ինքս ինձ, ու հոգուս կրակը սկսեց ավելի ուժգին վառվել:
Մարկեսը բոլոր ազգերի գրողն է: Նա ազգություն չունի, քանզի կարողանում է թափանցել մարդկային հոգու ամենամութ լաբիրինթներն ու այնտեղ հասցնել իր գրչի լույսը:

Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշագործ ծերուկ:

Saturday 3 March 2012

Վիրտուալ իրականություն


Չկաս: Դու համառորեն բացակայում ես ֆեյսբուքից: Իսկ դա իմ միակ միջոցն է քեզ հետ շփվելու: Ուզում եմ զանգել քեզ, ցանկությունից խեղդվում եմ նույնիսկ: Բայց խոստացել եմ քեզ այլևս չզանգել ու դարձել եմ սեփական խոստումի գերին: Դու ասում ես, որ մենք տարբեր ենք իրական կյանքում: Իսկ այստեղ այդ տարբերությունը վերանում է իսպառ և տարրալուծվում վիրտուալ իրականության անսահմանության մեջ: Գիտես, միգուցե չհամաձայնես իմ փիլիսոփայության հետ, բայց իրական կյանքում շատ հաճախ հանդիպում են մարդկանց մարմինները, իսկ միտքն ու հոգին սավառնում է հեռու, հեռու: Իսկ վիրտուալ աշխարհում, միմյանց են հանդիպում մեր միտքն ու երևակայությունը, և մենք այդ աշխարհում վախենալու չափ նման ենք իրար: Դու կասես, որ ես կորցրել եմ իրականության ու վիրտուալի եզրագիծը: Միգուցե, դու իրավացի ես: Իրական կյանքում ես դադարել եմ քեզ որոնելուց: Ես պատրաստ եմ կոտրելու իրականության ու վիրտուալի բաժանարար սահմանները հանուն այն լույսի, որ ապրում է քո հոգում: Դու իմ վիրտուալ աշխարհի իրական խենթությունն ես:

Friday 2 March 2012

Իրականություն և ստվեր


Կյանքն  իրականությունն է, իսկ մենք նրա թափառող ստվերները, որքան էլ որ դժվար լինի համակերպվել այդ մտքի հետ: Միակ հուսադրողը այն է, որ ոչինչ անհետ չի կորչում մեր տիեզերքում, անգամ ստվերները: Լուսավոր մտքեր կարող են ծնվել նաեւ խավարում, եթե այդ խավարը ոչ թե քո հոգու մեջ է, այլ ընդամենը մթությունն է գիշերվաԱնթիվ ու անհամար հանճարեղ մտքեր ծնվում են հենց այդ մթության մեջ: Այնտեղ, ուր տիրապետում է խավարն ու լռությունը, մարդիկ իրականում արարում են: Լռության մեջ քո հոգու ձայնը դառնում է ավելի հարազատ ու լսելի: Միայն թե այն հասկանալու համար պարտավոր ես սիրել քո հոգու մենությունը:  Մենություն, որ ընդունակ է կործանել քեզ, եթե չհասկանաս նրա մեծությունը, եւ կարող է քեզ հասցնել փառքի գագաթնակետին, միայն թե դու սիրես  ու վստահես նրան:

Գրառում X աղջկա բլոգում


Այսօր մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանից դուրս գալուց, գետնանցումի ելքի մոտ տեսա մուրացիկ մի կնոջ, ով իր դստեր հետ փող էր մուրում: Ինձ տեսնելով՝ մայրը արտասանեց արդեն սովորական դարձած բառերը, իսկ աղջիկը դեպի ինձ պարզեց իր ձեռքը: Փող չտվեցի՝ իմ սկզբունքից ելնելով: Բայց փոքրիկ այդ աղջկա աչքերում ես նկատեցի տարօրինակ մի հուր, ավելի շուտ՝ ըմբոստության բռնկում իր ներկա վիճակի հանդեպ: Տունդարձի ճանապարհին սկսեցի մտածել այդ աղջկա մասին: Մի բանում համոզված եմ: Նա անպայման դուրս կպրծնի մուրացիկ կյանքի ճիրաններից ու կգտնի իր արժանի տեղն այս արևի տակ: Միայն թե նրա աչքերի հուրը չմարի վաղաժամ:

Wednesday 29 February 2012

Ընտանիքի, սիրո ու երջանկության մասին


«Ամուսնությունը նման է պաշարված բերդի: Դուրս եղողները ներս են ձգտում, ներս եղողները՝ դուրս»: Պարսկական այս ասացվածքում թեև կա ճշմարտություն, բայց բոլոր ասացվածքները ունեն մի պարզ  թերություն՝ ամեն ինչ ընդհանրացնել: Երևի այստեղ խոսքը գնում է դժբախտ ամուսինների, և անհամբերությամբ իրենց պսակադրությանը սպասող սիրահարներ զույգերի մասին:

Tuesday 28 February 2012

Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի



Նիցշեն ասում էր. «Պատերազմում գոյություն չունեն հաղթողներ ու պարտվողներ: Գոյություն ունեն միայն ողջ մնացածներ, որոնք իրավունք են ստացել շարունակելու պայքարը»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում իմ զինվորական ծառայության տարիներին ես դեռևս ծանոթ չէի Նիցշեի ստեղծագործություններից և ոչ մեկին: Սակայն մի բան գիտակցում էի հստակ` ես իրավունք եմ ստացել շարունակելու պայքարը:

Եթե չլիներ մարդկային որկրամոլությունը


2011 թ. սեպտեմբերի 16-ին կայացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բոլորովին նոր, միջազգային չափանիշներին համապատասխան տերմինալի բացումը: Բացմանը ներկա էին երկրի բոլոր մեծամեծները` պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ,