Wednesday 4 July 2012

Խոստումս կատարեցի


Լեռան ստորոտում եմ: Գիշերվա մթությունը քարերի վրայով սահում է վեր: Իմ ներսում մի տեսակ դատարկություն եմ զգում, սառնություն: Դիմացս վեր է խոյանում հսկա լեռնազանգվածը` դարերից եկող իր անպարտելի զորությամբ: Նայում եմ ապառաժներին, նրանք սպասում են ինձ, պատրաստ ամեն վայրկյան ցած նետել մարդկային իմ չնչին գոյությունն իրենց դարավոր վեհության վրայից: Հասկանում եմ,  որ կյանքի ու մահվան եզրագծերը ջնջված են: Առանց պայքարի պատրաստ չեմ հանձնվել: Բայց ներսումս սառնություն է, վստահության պակաս: Ինչ-որ ներքին մի ձայն շշնջում է ինձ. «Դու խոստացել ես, քեզ հավատով սպասում են:» 
- Ավելի բարձր, չե՛մ լսում քեզ, գոռա՛: 
« Դու խոստացե՜լ ես….. հավատով սպասո՜ւմ են…»:
Թվում էր, թե կյանքի խելահեղ հորձանուտում ես անդառնալիորեն կորցրել եմ քեզ, կորցրել ինքս իմ հանդեպ ունեցած հավատը: Իսկ հիմա, լեռան ստորոտում, ես լսեցի քեզ, դու գոռում ես ու քո ձայնից լեռներն են դողում: Բարի վերադարձ, իմ անբաժան ընկեր:
Բացում եմ աչքերս, դիմացս ամեն բան լուսավոր է, գիշերվա խավարն անզոր է իմ հոգում ապրող լույսի դիմաց: Ես մագլցում եմ լեռն ի վեր: Լեռան դարավոր վեհությունը խոնարհվում է  մարդկային անկոտրում կամքի ու հավատի դիմաց: Ես խոստացել եմ: Աչքերումս վառվում է կրակը, սիրտս խելահեղ բաբախում է:
Հասանք տղաներին: Խոստումս կատարեցի:  Երախտագիտությամբ լեցուն նրանց աչքերը կոտրում եմ իմ զայրույթը:

Հ.Գ. Շնորհակալ եմ, որ օգնեցիք վերգտնել ինքս ինձ: 

2 comments:

INTEREST said...

Ո՛նց եմ սիրում քո միջի Մարդուն։

Արմեն Մխեյան said...

Աշխարհն այնքան գունեղ է, երբ աչքերդ բաց են, իսկ երբ փակում ես, գույներն այդ տեսիլներ են միայն դառնում… Բայց դու կարողանում եմ այդ տեսիլքներից իրականություն կերտել` հոգուդ բառերը թղթին հանձնելով…