Sunday 15 April 2012

Մարդկային հոգում թաքնված անհայտը


Ստեղծագործությունը մարդկային հոգում թաքնված անհայտի բացահայտումն է: Ամեն մի ստեղծագործ անհատ ունի իր ուրույն ոճը: Մարդկային ցանկացած ստեղծագործություն նրան ավելի է մոտեցնում Աստծուն, եթե այդ ստեղծածը արտացոլում է քո հոգու լույսը: Հենց մարդկային հոգու այդ լուսավոր մասնիկներից է բաղկացած արվեստի ցանկացած գլուխգործոց: Ամեն անգամ, երբ քո աչքը շոյում է այդպիսի մի գլուխգործոց, դու նրանից վերցնում ես լուսավոր այն մասնիկը, որ զետեղեց նրանում արվեստագետը` արարման պահին:

Իր արարման օրվանից տղամարդը փորձում է հասկանալ կնոջ հոգին: Այդ գաղտնիքը բացահայտելու համար հազարավոր արվեստագետներ փորձել են պատկերել կնոջը` խորհրդավոր ու անզուգական, արարող ու կործանող: Բայց ավա~ղ, ապարդյուն:

Երևի այդ գաղտնիքն այդպես էլ կմնա մարդկային ամենամեծ առեղծվածը:

Sunday 8 April 2012

Մահվան պատրանք


Ցանկացած մարդ, ով ապրում է ոչ միայն մարմնական, այլ նաև մտավոր կյանքով, վաղ թե ուշ մտածում է ինքնասպանության մասին: Իսկ գրող մարդու համար այդ հնարավորությունը առավել հարազատ է, մշտապես առկախ է օդում: Այն նաև դյութիչ է: Պատճառը նրանում է, որ իսկական ստեղագործ մարդուն դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ նա արարած է, այսինքն ինչ ոչ մեկի կողմից ստեղծված: Եվ եթե դու չես կարող ինքդ քեզ ստեղծել, ապա համենայն դեպս կարող ես ինքդ քեզ ոչնչացնել: Իսկ հենց այդ ինքնաոչնչացման մասին է, որ գրողները շատ են գրում: Իսկ ինչն է, որ ստեղծագործելու ընթացքում մեծացնում է սուիցիդալ ռիսկայնությունը: Նախ, ինչպես արդեն նշեցինք, ստեղծագործությունը դա մահկանացուի փորձն է հաղթահարել մահը:

Saturday 7 April 2012

Վերադարձ ակունքներին



«Կանանց միամսյակ» կոչված տոնը, որն այդքան սիրված ու ցանկալի է հայ իրականության մեջ, չգիտես ինչու սկսվում ու ավարտվում է հրեական արմատներ ունեցող և հին աշխարհում մեծ տարածում ստացած երկու ոչ բարոյական տոներով: Գիտակցելով, որ կարող եմ փչացնել հայ աղջիկների ու կանանց այդքան սիրելի այս տոնը, չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ դրանց արմատներին: Բայց նաև չեմ կարող լռել:

Դեռևս հեթանոս Հայաստանում մեծ շուքով նշում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին նվիրված մայրության, գեղեցկության ու պտղաբերության տոնը: Հայկական իրականության մեջ ծնունդ առած այս տոնը ոչ պակաս կարևոր էր, և գալիս էր մեկ անգամ ևս ընդգծելու հայ կնոջ բարձր դերը մեր հասարակության մեջ: Անահիտն ու Աստղիկը միշտ էլ եղել են հեթանոս հայերի ամենասիրելի աստվածուհիները, և նրանց պատվին կառուցվել են բազմաթիվ տաճարներ ու մեհյաններ:

Tuesday 3 April 2012

Թշվառության համախտանիշ


Այսօր աշխատանքից տուն դառնալիս սկսեցի ուշադիր նայել փողոցում անցուդարձ անող մարդկանց աչքերին: Այնտեղ ես տեսա դարավոր մի տառապանքի ու թշվառ ազգի դաժան ճակատագրի արտացոլանքը: Իսկ սիրո ու երջանկության ոչ մի նշույլ ես չտեսա մարդկանց աչքերում: Տեսնես ո՞վ գողացավ երջանկության ու սիրո հրաշք զգացմունքը մեր հոգիներից: Իսկ մեր հոգու փոխարեն հիմա հայելի է, որն արտացոլում է մեզ շրջապատող դառն ու անարժեք իրականությունը: Ահա թե ինչու մարդկանց հետ կարելի է խոսել ամեն ինչից, բացի սիրուց: Քանզի նրանց հոգու փոխարեն հայելի է, որն արտացոլում է այն ամենը, ինչ դու ես տալիս, իսկ սեփական սիրո ու ջերմության ոչ մի կաթիլ նրանցից չես ստանա երբեք…...