ՀՏ Հայկոյի այս երգն անկեղծ ասած չէի լսել: Պատահաբար հանդիպեցի «Youtube»-ում: Տարօրինակ է, բայց տեսածս երաժշտական տեսահոլովակներից երևի միակն է, որ կարողանում է ամբողջական ու բովանդակ ներկայացնել իմ մանկությունը:
Ֆրոյդը ասում էր, որ մանկության տարիներին մեր ապրած բոլոր ցավերն ու վախերը, չիրականացված երազանքներն ու հիասթափությունները մղվում են հոգու անգիտակցական ոլորտ: Այնուհետև, հասուն տարիքում դրանք ժամանակ առ ժամանակ հրաբուխի պես ժայթքում եմ մեր գիտակցականում:
Մենք հաճախ չենք հասկանում, թե ո՞րն է մեր տխրության պատճառը, ի՞նչն է ստիպում մեզ անընդհատ զգալ նույն ցավն ու մենությունը: Իսկ պատճառը մեր մանկության չիրականացած երազներն են, որոնց փշրված բեկորներն իրենց սուր ծայրով մխրճվեցին մեր հոգու մեջ:
Արևելյան իմաստությունը վկայում է, որ մարդկային կյանքը նման է ջրի: Այն անդադար պետք է հոսի: Եթե ջուրը դադարում է հոսել, այն ճահճանում է, սկսում գարշահոտել, թունավորել քո հոգին: Թույլ տուր, որ ջուրը հոսի: Ընդունիր անցյալը այնպիսին, ինչպիսի այն կա: Մինչև անցյալի դառնահամ ջուրը չհոսի, նրա փոխարեն չի հայտնվի նորը` առավել մաքուրն ու ջինջը, այն որ կոչված է կյանք պարգևել ու երջանկություն սփռել ամենուր:
Թողեք, որ անցյալը հոսի:
No comments:
Post a Comment