Friday, 2 March 2012

Գրառում X աղջկա բլոգում


Այսօր մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանից դուրս գալուց, գետնանցումի ելքի մոտ տեսա մուրացիկ մի կնոջ, ով իր դստեր հետ փող էր մուրում: Ինձ տեսնելով՝ մայրը արտասանեց արդեն սովորական դարձած բառերը, իսկ աղջիկը դեպի ինձ պարզեց իր ձեռքը: Փող չտվեցի՝ իմ սկզբունքից ելնելով: Բայց փոքրիկ այդ աղջկա աչքերում ես նկատեցի տարօրինակ մի հուր, ավելի շուտ՝ ըմբոստության բռնկում իր ներկա վիճակի հանդեպ: Տունդարձի ճանապարհին սկսեցի մտածել այդ աղջկա մասին: Մի բանում համոզված եմ: Նա անպայման դուրս կպրծնի մուրացիկ կյանքի ճիրաններից ու կգտնի իր արժանի տեղն այս արևի տակ: Միայն թե նրա աչքերի հուրը չմարի վաղաժամ:
Հետաքրքիր է, ի՞նչ կգրի այդ աղջիկը տարիներ հետո իր մանկության մասին, երբ կունենա, ասենք, սեփական բլոգը: Փորձեցի երևակայել:
Գրառում X աղջկա բլոգում
Մանկությունս անցավ գորշ ու մթին անցումների սառը աստիճաներին գամված, անտարբեր ու անհոգի անցորդներից փող մուրալով: Այդ ընթացքում կարողացա հասկանալ ու ճանաչել մարդկային մեղսավոր հոգու բոլոր արատները: Շատ քչերն են, որ իրապես պատրաստ են օգնել քեզ: Ոմանք դրամ են նետում մուրացիկ աղջկան՝ գթասրտություն խաղալով, բայց իրականում ակնկալելով փրկություն՝ սեփական մեղսավոր հոգու համար: Ուրիշները անում են դա իրենց բարերար զգալու համար, ու կրկին դրսևորում են սեփական հոգու թուլությունը, քանզի չունեն այդքան ուժ իսկական բարեգործությամբ զբաղվելու համար: Կան նաև այնպիսիք, ովքեր դրամ են նետում քեզ երիցս ստորացնելու, և դրանով սեփական հոգում նստած տականքին հագուրդ տալու համար:
Ու՞մ մեղադրեմ ես իմ չապրած մանկության համար: Մո՞րս, ով ծնեց ինձ, պետությա՞նը, որտեղ ես ապրում եմ, թե՞ Աստծուն, ում կամոք ես ծնվեցի: 

1 comment:

Anonymous said...

շատ ճիշտ էր մեկնաբանված մուրացիկին ճահճի մեջ ավելի խորը խրող մարդկանց հոգեբանությունը