Saturday, 3 March 2012

Վիրտուալ իրականություն


Չկաս: Դու համառորեն բացակայում ես ֆեյսբուքից: Իսկ դա իմ միակ միջոցն է քեզ հետ շփվելու: Ուզում եմ զանգել քեզ, ցանկությունից խեղդվում եմ նույնիսկ: Բայց խոստացել եմ քեզ այլևս չզանգել ու դարձել եմ սեփական խոստումի գերին: Դու ասում ես, որ մենք տարբեր ենք իրական կյանքում: Իսկ այստեղ այդ տարբերությունը վերանում է իսպառ և տարրալուծվում վիրտուալ իրականության անսահմանության մեջ: Գիտես, միգուցե չհամաձայնես իմ փիլիսոփայության հետ, բայց իրական կյանքում շատ հաճախ հանդիպում են մարդկանց մարմինները, իսկ միտքն ու հոգին սավառնում է հեռու, հեռու: Իսկ վիրտուալ աշխարհում, միմյանց են հանդիպում մեր միտքն ու երևակայությունը, և մենք այդ աշխարհում վախենալու չափ նման ենք իրար: Դու կասես, որ ես կորցրել եմ իրականության ու վիրտուալի եզրագիծը: Միգուցե, դու իրավացի ես: Իրական կյանքում ես դադարել եմ քեզ որոնելուց: Ես պատրաստ եմ կոտրելու իրականության ու վիրտուալի բաժանարար սահմանները հանուն այն լույսի, որ ապրում է քո հոգում: Դու իմ վիրտուալ աշխարհի իրական խենթությունն ես:

No comments: