Monday, 23 September 2013

Ֆինլանդիա

Ուսումնասիրելով աշխարհի հանրակրթության համակարգը

Նախագիծ




Վերջին հինգ տարիներին ՄԱԿ-ի կողմից հրապարակվող «Մարդկային զարգացման ինդեքսի» տարեկան հաշվետվության համաձայն աշխարհի մակարդակով լավագույն կրթական համակարգերը ունեն Ֆինլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան և Ավստրալիան:[1]

Ֆինլանդիայի կրթության և գիտության նախարար Կրիստա Կիուրուն նման արդյունքը բացատրում է մի շարք կարևոր բարեփոխումներով, որ կատարվել են վերջին տարիներին կրթության բնագավառում՝ հատկապես դպրոցներում:

Նախ և առաջ մեծացել է պետական բյուջեից հանարակրթությանը տրամադրվող գումարը, բարձրացել են աշխատավարձերը, ավելի հաճախ են դարձել դասավանդողների համար կազմակերպվող սեմինարներն ու վարպետության դասերը: Գործում է նաև դասավանդողների խրախուսման ճկուն համակարգ: Երկրորդ կարևոր բարեփոխումը վերաբերում է դպրոցներում ուսուցիչների ինքնուրույնության բարձրացմանը: Ուսուցիչը ստացել է փորձարար-մանկավարժի կարգավիճակ, դասավանդումն իրականացնում է սեփական ուսումնական ծրագրով: Մեծացել է նաև մանկավարժների արհեստակցական կազմակերպությունների հեղինակությունը, հենց դպրոցներում ուսուցիչներին ավելորդ վարչական ճնշումներից զերծ պահելու համար: Պետությունը հոգում է նաև դասավանդողների բժշկական ապահովության ծախսերն ու տարեկան մեկանգամյա հանգիստը:[2] Կարևոր բարեփոխումների շարքին են պատկանում նաև դպրոցներին տրված ինքնավարությունը, ինչպես նաև սովորղների ընտրության ազատությունը: 

Ֆինլանդիայում պարտադիր է համարվում 9-ամյա հիմնական կրթությունը, որը սկսվում է յոթ տարեկանից և ավարտվում տասնվեցում: Դպրոցում մեծ տեղ ու կարևորություն է տրվում անհատի զարգացմանը. անհատ, որպես հասարակության լիարժեք անդամ, պետության հիմնասյուն: Բացառվում են կրոնական ու ռասայական խտրականությունները: Կրթությունն ամբողջությամբ անվճար է ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցում: Պետությունը սովորողներին ապահովում է նաև սնունդով և բժշկական ծառայությամբ: Ներգաղթյալների և նրանց երեխաների համար կրթությունը նույնպես անվճար է: Սակայն, սովորողները վճարում են դասագրքերի և լրացուցիչ նյութեր ձեռք բերելու համար: Էլեկտրոնային դասագրքերի տարեկան փաթեթը նույնպես վճարովի է:

Որպես ավագ դպրոցի դասավանդող, որոշեցի նախ և առաջ ուսումնասիրել Ֆինլանդիայի կրթական համակարգի հենց այդ կառույցը: Ինչպես Հայաստանում, Ֆինլանդիայում նույնպես ավագ դպրոցը պարտադիր չէ սովորողների համար: Այն սկսվում է 16 կամ 17 տարեկանից և շարունակվում է երեքից չորս տարի: Այն բաժանված է երկու հիմնական ուղղությունների՝ ակադեմիական և արհեստագործական: Յուրաքանչյուր սովորող կատարում է ընտրություն՝ իր նախասիրություններից ելնելով: Միաժամանակ թույլատրված է ընտրել երկուսը միասին, եթե սովորողը հիմնավորում է, որ կտեղավորվի ժամանակի մեջ և մեկը մյուսին չի խանգարի: Հանրակրթությունը ավագ դպրոցում չի բաժանվում կիսամյակների: Համաձայն ավագ դպրոցի ուսումնական պլանի՝ սովորողն ընտրում է պարտադիր հանրակրթական առարկաները, ինչպես նաև լրացուցիչ առարկաներ: Լրացուցիչ առարկաներից յուրաքանչյուրի համար սովորողը հանձնում է պարտադիր փուլային քննություններ: Թե՛ հանրակրթական, և թե՛ ընտրովի առարկաների համար նախատեսված է որոշակի ժամաքանակ: Սովորողը հնարավորություն ունի ընտրելու, թե քանի տարում կարող ավարտել ուսուցումը ավագ դպրոցում, այսինքն՝ լրացնել այդ ժամաքանակը: Չնայած ուսումնական ծրագիրը ավագ դպրոցում նախատեսված է երեք տարվա համար, սակայն սովորողը հնարավորություն ունի այն ավարտելու 2 կամ 4 տարի ժամկետում:

Նրանց համար, ովքեր ավարտում են ավագ դպրոցի ծրագիրը երկու տարում, միասնական քննությունները բուհ ընդունվելու համար կազմակերպվում են հատուկ կարգով, այսինքն՝ ավելի հեշտ ու մատչելի են դարձնում նման սովորողների բուհ ընդունվելու գործընթացը: Բուհ ընդունելությունը մատչելի է նաև մնացածի համար: Ավագ դպրոցի ավարտական քննությունները չհանձնած սովորողները նույնպես կարող են ընդունվել համալսարան, ստանալ բարձրագույն կրթություն: Հանրակրթության այս օղակում սովորելու իրավունք ունեն նաև մեծահասակները, ովքեր ժամանակին, ավարտելով պարտադիր 9-ամյա կրթությունը, չեն շարունակել իրենց կրթությունը ավագ դպրոցում: Նրանց համար ավելի հաճախ կազմակերպվում է առցանց ուսուցում:

Շատ հաճախ խոշոր գործատու կազմակերպությունները՝ անկախ գործունեության ոլորտից, այցելում են ավագ դպրոցներ, ընտրում այն սովորողին, ով համապատասխանում է իրենց աշխատողի չափանիշներին, հովանավորում նրա հետագա ուսուցումը համապատասխան բուհում: Հետագայում, տվյալ ուսանողը դառնում է այդ կազմակերպության աշխատողը և իր նվիրված աշխատանքով փոխհատուցում գործատուին: Այս ծրագիրը գործում է պետության բարձր հովանու ներքո և ապահովում է նաև բարձ որակավորում ունեցող մասնագետների առկայությունը երկրում: Ինչ խոսք, դա նաև գրավական է աշխատաշուկայում առողջ մրցակցության համար: Այս ծրագրի մյուս կարևոր ու դրական հատկանիշն այն է, որ առողջ հասարակության հիմնասյուն հանդիսացող հասակ նետող սերունդը հավատով է նայում իր վաղվա օրվան, համոզված է, որ իր ստացած գիտելիքները զուր չեն, և հետագայում իր ապահով կյանքի երաշխիքն են: 



Գրականություն

[1] Տե՛ս Human development index trends / http://hdr.undp.org/en/media/HDI_2008_EN_Tables.pdf /
[2] Hechinger Report “What can we learn from Finland?” Dr. Pasi Sahlberg, December 9, 2010


No comments: