Wednesday, 4 July 2012

Խոստումս կատարեցի


Լեռան ստորոտում եմ: Գիշերվա մթությունը քարերի վրայով սահում է վեր: Իմ ներսում մի տեսակ դատարկություն եմ զգում, սառնություն: Դիմացս վեր է խոյանում հսկա լեռնազանգվածը` դարերից եկող իր անպարտելի զորությամբ: Նայում եմ ապառաժներին, նրանք սպասում են ինձ, պատրաստ ամեն վայրկյան ցած նետել մարդկային իմ չնչին գոյությունն իրենց դարավոր վեհության վրայից: Հասկանում եմ,  որ կյանքի ու մահվան եզրագծերը ջնջված են: Առանց պայքարի պատրաստ չեմ հանձնվել: Բայց ներսումս սառնություն է, վստահության պակաս: Ինչ-որ ներքին մի ձայն շշնջում է ինձ. «Դու խոստացել ես, քեզ հավատով սպասում են:» 
- Ավելի բարձր, չե՛մ լսում քեզ, գոռա՛: 
« Դու խոստացե՜լ ես….. հավատով սպասո՜ւմ են…»:

Ես ու ես

Արման Մարտիրոսյանի անկեղծությունը


Ժամը 21:20
Առաջին անգամ եմ փորձում ինքս ինձ հետ կիսվել ու մտքերս հանձնել թղթին: Նստած եմ համակարգչի դիմաց, երաժշտություն եմ լսում: Անջատեցի երաժշտությունը: Սկսեցի գրել: Սենյակս անձայն է: Մենք սենյակում երկուսով ենք` ես  ու կրկին ես: Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եմ ուզում, ի՞նչ եմ պահանջում ու առաջարկում, ուզում եմ ինձ հետ մի քիչ վիճել, ասել-խոսել, հասկանալ ճշմարտությունը: Սկսեմ նրանից, որ ես վախենում եմ ինքս ինձ խոսել, որովհետև շփոթվում եմ: Ինձ խանգարում է կողմնորոշվել իմ երկրորդ եսը, միգուցե  առաջինն էլ է խանգարում: