Friday, 16 March 2012

Անցյալի ու ներկայի մասին


ՀՏ Հայկոյի այս երգն անկեղծ ասած չէի լսել: Պատահաբար հանդիպեցի «Youtube»-ում: Տարօրինակ է, բայց տեսածս երաժշտական տեսահոլովակներից երևի միակն է, որ կարողանում է ամբողջական ու բովանդակ ներկայացնել իմ մանկությունը:
Ֆրոյդը ասում էր, որ մանկության տարիներին մեր ապրած բոլոր ցավերն ու վախերը, չիրականացված երազանքներն ու հիասթափությունները մղվում են հոգու անգիտակցական ոլորտ: Այնուհետև, հասուն տարիքում դրանք ժամանակ առ ժամանակ հրաբուխի պես ժայթքում եմ մեր գիտակցականում:

Wednesday, 14 March 2012

Ամբոխի պատկերացումը որպես կին


Լե Բոնը նշում էր, որ, կախված դրսից ստացվող իմպուլսներից, ամբոխի վիճակը փոփոխվում է, այստեղից էլ նրա փոփոխականությունը: Սա թույլ է տվեց Լե Բոնին համեմատել ամբոխը կնոջ հետ, համարել, որ ամբոխը կանացի սկիզբ է:  Կինը հուզական է, քմահաճ, ինքնաձև, թեթևամիտ, ներշնչվող, պասիվ, ենթարկվող, համբերատար: Լե Բոնը գտնում է, որ ամբոխի մեջ չկա ստեղծագործականություն: Ամբոխը կնոջ պես ավանդույթների, սովորույթների և  արխաիկ անգիտակցականի գերին է, դիմադրում է ցանկացած ցնցումների: Եվ եթե նրանք տեղի են ունենում, նա հետ է շրջվում, որպեսզի դժվարությամբ վերականգնի այն, ինչը քիչ մտածելով քանդել է:

Monday, 12 March 2012

Կանանց միամսյակին ընդառաջ


Ո՞վ պետք է առաջինը սեր խոստովանի:
Այս հարցի շուրջ վերջերս երկար-բարակ զրուցեցի գեղեցիկ սեռին պատկանող իմ հրաշագեղ ընկերների հետ: Նրանց ճնշող մեծամասնություն հակված է այն տեսակետին, որ առաջինը սեր պետք է խոստովանի տղան: Եվ եթե այդ սերն իրոք անկեղծ է, ու տղան  ունի բավական հոգու ուժ` պատրաստ մինչև վերջ պայքարել իր սիրո համար, ապա աղջիկն մի օր կնկատի նրան, կգնահատի նրա սերը, և միգուցե կսիրի նրան կամ թույլ կտա, որ իրեն սիրեն: Միաժամանակ, բոլոր աղջիկները պնդում են, որ սերը պահանջում է ինքնազոհողություն:  Անկեղծ ու իսկական սիրով սիրող տղան պետք է միշտ գիտակցի դա: Առանց ինքնազոհողության չկա անկեղծ սեր: Ընդ որում, գեղեցիկ սեռին պատկանող և աշխարհը առաջ շարժող հրաշագեղ այդ էակների համար ինքնազոհողությունը բավական ընդգրկուն հասկացություն է: (Նույնիսկ վախենում եմ փակագծերը բացել)

Tuesday, 6 March 2012

«Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն»:


Տարիներ առաջ, երբ ընկերոջս խորհուրդով կարդացի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը, աշխարհը սկսեց ուրիշ անկյան տակ պտտվել ինձ համար: Գիրքն ավարտելու հետո սկսեցի խելագարի պես ծիծաղել, իսկ հետո ծիծաղը վերածվեց լացի:

-         -  Էս ի՞նչ արեցիր իմ հետ: Ո՞նց կարողացար հպվել հոգուս ամենանուրբ լարերին:

Այդ ես չէ, որ բացահայտեցի Մարկեսին ինձ համար, այլ շնորհիվ նրա, կարողացա վերստին ու նորովի բացահայտել ինքս ինձ, ու հոգուս կրակը սկսեց ավելի ուժգին վառվել:
Մարկեսը բոլոր ազգերի գրողն է: Նա ազգություն չունի, քանզի կարողանում է թափանցել մարդկային հոգու ամենամութ լաբիրինթներն ու այնտեղ հասցնել իր գրչի լույսը:

Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշագործ ծերուկ:

Saturday, 3 March 2012

Վիրտուալ իրականություն


Չկաս: Դու համառորեն բացակայում ես ֆեյսբուքից: Իսկ դա իմ միակ միջոցն է քեզ հետ շփվելու: Ուզում եմ զանգել քեզ, ցանկությունից խեղդվում եմ նույնիսկ: Բայց խոստացել եմ քեզ այլևս չզանգել ու դարձել եմ սեփական խոստումի գերին: Դու ասում ես, որ մենք տարբեր ենք իրական կյանքում: Իսկ այստեղ այդ տարբերությունը վերանում է իսպառ և տարրալուծվում վիրտուալ իրականության անսահմանության մեջ: Գիտես, միգուցե չհամաձայնես իմ փիլիսոփայության հետ, բայց իրական կյանքում շատ հաճախ հանդիպում են մարդկանց մարմինները, իսկ միտքն ու հոգին սավառնում է հեռու, հեռու: Իսկ վիրտուալ աշխարհում, միմյանց են հանդիպում մեր միտքն ու երևակայությունը, և մենք այդ աշխարհում վախենալու չափ նման ենք իրար: Դու կասես, որ ես կորցրել եմ իրականության ու վիրտուալի եզրագիծը: Միգուցե, դու իրավացի ես: Իրական կյանքում ես դադարել եմ քեզ որոնելուց: Ես պատրաստ եմ կոտրելու իրականության ու վիրտուալի բաժանարար սահմանները հանուն այն լույսի, որ ապրում է քո հոգում: Դու իմ վիրտուալ աշխարհի իրական խենթությունն ես:

Friday, 2 March 2012

Իրականություն և ստվեր


Կյանքն  իրականությունն է, իսկ մենք նրա թափառող ստվերները, որքան էլ որ դժվար լինի համակերպվել այդ մտքի հետ: Միակ հուսադրողը այն է, որ ոչինչ անհետ չի կորչում մեր տիեզերքում, անգամ ստվերները: Լուսավոր մտքեր կարող են ծնվել նաեւ խավարում, եթե այդ խավարը ոչ թե քո հոգու մեջ է, այլ ընդամենը մթությունն է գիշերվաԱնթիվ ու անհամար հանճարեղ մտքեր ծնվում են հենց այդ մթության մեջ: Այնտեղ, ուր տիրապետում է խավարն ու լռությունը, մարդիկ իրականում արարում են: Լռության մեջ քո հոգու ձայնը դառնում է ավելի հարազատ ու լսելի: Միայն թե այն հասկանալու համար պարտավոր ես սիրել քո հոգու մենությունը:  Մենություն, որ ընդունակ է կործանել քեզ, եթե չհասկանաս նրա մեծությունը, եւ կարող է քեզ հասցնել փառքի գագաթնակետին, միայն թե դու սիրես  ու վստահես նրան:

Գրառում X աղջկա բլոգում


Այսօր մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանից դուրս գալուց, գետնանցումի ելքի մոտ տեսա մուրացիկ մի կնոջ, ով իր դստեր հետ փող էր մուրում: Ինձ տեսնելով՝ մայրը արտասանեց արդեն սովորական դարձած բառերը, իսկ աղջիկը դեպի ինձ պարզեց իր ձեռքը: Փող չտվեցի՝ իմ սկզբունքից ելնելով: Բայց փոքրիկ այդ աղջկա աչքերում ես նկատեցի տարօրինակ մի հուր, ավելի շուտ՝ ըմբոստության բռնկում իր ներկա վիճակի հանդեպ: Տունդարձի ճանապարհին սկսեցի մտածել այդ աղջկա մասին: Մի բանում համոզված եմ: Նա անպայման դուրս կպրծնի մուրացիկ կյանքի ճիրաններից ու կգտնի իր արժանի տեղն այս արևի տակ: Միայն թե նրա աչքերի հուրը չմարի վաղաժամ: